Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՓՅՈՒՌՔԻ ԶՈՐԱՇԱՐԺԻ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ
___________
Համաժողովի հարգարժան մասնակիցներ,
Համայն հայության հոգևոր կենտրոն Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Սփյուռքի զորաշարժի համաժողովի մասնակիցներիդ։ Ողջունում ենք կարևոր այս նախաձեռնությունը, որը կոչված է քննարկելու մեր ազգի առջև ծառացած ծանր ու դժվարին հիմնախնդիրները, հստակեցնելու դրանց դիմագրավման ուղիներն ու մեր համազգային առաջնահերթությունները, վերարժևորելու Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև։ Խորը մտահոգություն են առաջ բերում մեր ազգային կյանքում պառակտվածությունը, ատելության սերմանումը, ազգային կառույցների թիրախավորումը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խաթարված վիճակը։ Եկեղեցու, հայկական բոլոր կազմակերպությունների նպատակը նույնն է՝ համախմբել ազգային ներուժը, անվտանգ ու ապահով դարձնել համայն հայության հայրենիքը, բարվոքել Հայաստան-Սփյուռք գործակցությունը, անխաթար պահպանել ազգային ինքնությունը:
Համաժողովին մասնակից ավանդական կազմակերպությունները, ազգային միություններն ու գործիչները, որոնք ներկայացնում են հայության տարբեր հատվածներ, մեր Սուրբ Եկեղեցու օրհնության ներքո անժխտելի ներդրում են ունեցել հայոց անկախ պետականության վերականգնման և Սփյուռքի կենսունակության պահպանման նվիրական գործում։ Անբեկանելի ճշմարտություն է, որ հայության և հայկականության հարատևության երաշխիքը լեզուն, հավատքը, ազգային դպրոցն է, հայրենի անկախ ու ինքնիշխան պետությունը, որի հատուկ հոգածության և ուշադրության ներքո պիտի գտնվեն նաև Սփյուռքը և Սփյուռքի առաջնային կարիքները։ Եվ, հետևաբար, Հայոց պետության պահպանությունն ու զորացումը այսօր է